Новостная лента:
Armenian - ՀայերենGeorgian - ქართულიRussian - РусскийEnglish (United Kingdom)
Արմենիա.ge
Nov 25
ՎՀՈՒՄ

ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅ

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ


asag

 

Վրաստանի Հայ ուսանողների միությունը (ՎՀՈւՄ) ստեղծվել է 2009 թվականին: Կազմակերպության նպատակներն են` հայոց լեզվի, մշակույթի, կրթության, ազգային ինքնագիտակցության պահպանումն ու զարգացումը, Վրաստանի հայ համայնքի ամրապնդմանը նպաստելը, ազգային փոքրամասնությունների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, Վրաստանի հայության հոգևոր և մտավոր պոտենցիալի պաշտպանությունն ու բարձրացումը, Վրաստանի և այլ երկրների հայ ուսանողների միջև կապերի հաստատմանը նպաստելը:

 

Այս նպատակներին հասնելու համար ՎՀՈՒՄ-ը կազմակերպում է դասախոսություններ, կոնֆերանսներ, քննարկումներ, համերգներ, ցուցահանդեսներ և կրթական-մշակութային այլ միջոցառումներ:

DSC017802010 թվականի ընթացքում ՎՀՈՒՄ-ն անցկացրել է մի շարք միջոցառումներ` կազմակերպության առջև դրված խնդիրների ու նպատակների լուծմանը հասնելու համար: Առաջիններից էր տարեսկզբին անցկացված` «Իմ իրավունքները» թեմայով  դասախոսությունների շարքը, որի նպատակը քաղաքացիական կրթության մակարդակի բարձրացումն էր: Մասնակիցներին ներկայացվել են մարդու իրավունքները, մասնավորապես` նրանց իրավունքները որպես ազգային փոքրամասնություն` ամրագրված միջազգային և տեղական օրենքներով: Ուսանողները դրական գնահատեցին այս միջոցառումը` նշելով, որ դրա շնորհիվ բավական նոր և օգտակար տեղեկություններ ստացան:

Այս տարի ՎՀՈՒՄ-ը Թբիլիսիի բուհերում անցկացրել է նաև շնորհանդեսներ` հայ ուսանողներին ներկայացնելով կազմակերպության գործունեությունը: Հետաքրքրությունը բավական մեծ էր, ինչի ապացույցը կազմակերպության աշխատանքին մասնակցելու` բազմաթիվ ուսանողների արտահայտած ցանկությունն է:

 

Tbilisi_23.04_2ՎՀՈՒՄ-ի գործունեության կարևոր մաս է կազմում նաև Թուրքիայում 1915-1923 թ.թ. Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը: 2010 թվականին համայն հայությունն ու աշխարհի քաղաքակիրթ հանրությունը հիշատակում էր Հայոց Ցեղասպանության 1.5 միլիոն զոհերին: Վրաստանի Հայ ուսանողների միությունը նույնպես միացավ աշխարհասփյուռ հայության կազմակերպած հիշատակի միջոցառումներին: Դրանց շարքում բուհերում դասախոսություններ անցկացվեցին դարասկզբի ողբերգական այդ իրադարձությունների թեմայով` նպատակ ունենալով բարձրացնել ուսանողների և դասախոսների` խնդրի մասին տեղեկացվածության մակարդակը, ծանոթացնել Հայոց Ցեղասպանության հետևանքներին, հայության օրինական իրավունքների վերականգնման ուղիներին, Թուրքիայի կողմից կատարված այդ ոճրագործության պատասխանատվությանը:

 

IMG_2916

ՎՀՈՒՄ-ը նաև համահեղինակն էր Հայոց Ցեղասպանության ճանաչման` Վրաստանի Նախագահին և Խորհրդարանին ուղղված կոչի: Կազմակերպության անդամները կազմակերպել և մասնակցել են ապրիլի 23-ին անցկացված հիշատակի ջահերով երթին, ինչպես նաև ապրիլի 24-ին Վրաստանում Թուրքիայի դեսպանատան առջև անցկացված բողոքի ցույցին:

«Վրաստանի Հայ համայնք»-ի հետ համատեղ Թբիլիսիի հայ դպրոցականների մասնակցության ՎՀՈՒՄ-ը կազմակերպել է շարադրությունների մրցույթ` «Ես հիշում եմ. 1915» խորագրով: Միջոցառմանը մասնակցեցին 11 դպրոցների աշակերտներ ինչպես հայկական, այնպես էլ ռուսական դպրոցներից ու բաժիններից: Մասնակիցներին տրվեցին պատվոգրեր, իսկ լավագույն շարադրությունների հեղինակների համար կազմակերպվեց եռօրյա այց Հայաստան:

 

ՎՀՈՒՄ-ի նախաձեռնությամբ «Վրաստանի Հայ համայնք»-ի գրասենյակում անցկացվում են նաև հայոց լեզվի ուսուցման դասընթացներ: Հարկ է նշել, որ դրանց մասնակցում են ինչպես հայ դպրոցականներ և ուսանողներ, այնպես էլ համայնքի առավել տարեց անդամներ:

CIMG3116Անցած տարվա ընթացքում ՎՀՈՒՄ-ն ակտիվորեն աշխատել է ինչպես Թբիլիսիում գործող արդեն միակ հայկական դպրոցի, այնպես էլ այլ դպրոցների հայ աշակերտների հետ: Այն նաև համահեղինակ է հայկական դպրոցների և բաժինների փակման խնդրի կապակցությամբ Վրաստանի Կրթության  և գիտության նախարարությանն ուղղված նամակ-դիմումի: Ընդ որում, ցանկանում ենք նշել, որ դեռևս սեպտեմբերի 1-ին ուղարկված նամակին մինչև օրս պատասխան չի ստացվել:

 

Միության գործունեության առանձին մաս է կազմում նաև Վրաստանի կրթական օրենսդրության փոփոխության արդյունքում հատուկ ծրագրով բուհի նախապատրաստական կուրս ընդունված հայ ուսանողների հետ` նպաստելով վրացերենի ուսուցմանը, երկրի ընդհանուր կրթական համակարգին ծանոթանալուն և տարբեր խնդիրների լուծմանը:

 

 

Նոյեմբերից երկու շաբաթը մեկ անգամ ՎՀՈՒՄ-ը կազմակերպում է Հայոց պատմության բաց դասեր, որին մասնակցել կարող են բոլոր ցանկացողները: Այս ամենից բացի, ամբողջ տարվա ընթացքում Միությունը կազմակերպել է նաև տարատեսակ այլ միջոցառումներ` դասախոսություններ, քննարկումներ, էքսկուրսիաներ և այլն:

 

Armenian Students Association of Georgia
  
(+995)98807616
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար